Hrant Alexanian Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ /Հայաստան, Արցախ/

 

 

(Armenia)

 

 

 

ԱՅՑԱԳԻՐ  ԱՌ  ԱՆՀՈՒՇ  ԲԵՐԴ

 

Ըմբռնել Երկնքի ակնարկները եւ

հույժ կասկածները Երկրի:

Ընդունել ծովերի շառաչը ահարկու

եւ լեռնաշղթաների գորովը կապտաճերմակ:

Տեսնել առանձնասենյակի հավատամտությունը

եւ հորիզոնների արցունքները պայծառ:

Հպվել հողի լուսնահար երազներին, նրանց խենթությանը

եւ կեսօրների բոցավառ հայելուն հպվել:

Սերտել մայր քաղաքի փիլիսոփայությունը

եւ սաղմոսները մրսկան սահմանների:-

Գրել անունները սիրո ու մահվան

եւ նոր` հեռանալ դեպի Անհուշ բերդ:

 

 

***

Ներամփոփվում են տարածքները բաց

մերթ սիրո նման,

մերթ` ճգնակյացի,-

և ձեռքը Տիրոջ փակում է նրանց

մեկուսարանում անիշխան թախծի:-

 

0 տարածքների թախիծ մոգական,

որ բզկտում ես անհուն ու թռիչք,

քո ծավալումն ենք ըմպում շարունակ`

որպես սփոփանք ու դատավճիռ:

 

 

* * *

Երկնքով վազում է մանուկ զանգահարը:

Ապակե տներում

ապաշխարում են բոզ ու մարգարե:

Մանուշակի թուփը

խմում է փրփրող ծովը հիշողության:

Ում աչքն աստղին է`

թունելների մեջ արեգակ է թաղում:

Հակասությունները ճոխ

սիրով հագնում են հրճվանքի զգեստ,

քանզի…

երկնքով վազում է մանուկ զանգահարը:

 

 

 

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՍ –

ՈՐՊԵՍ ԾԱՂԻԿ

 

Ցավից ու սիրուց կշտացած`

քայլում է մի աղջիկ

հարազատության վերջին նրբանցքով:

Ոչ մի կանչ նրան ետ չի բերի,

նա դարձի ժխտումն է այլևս,-

և աղջիկն իր հետ տանում է

հարազատության թելը վերջին –

իր անվան թեթև արձագանքը

արբած-մոռացկոտ ունայնի մեջ…

 

– Աղջիկ, տար քեզ հետ առանց զղջման

Համերաշխությունս – որպես ծաղիկ:

 

 

 

ԳԵՂԵՑԻԿ ԵՆ ՔԱՂՑԱԾ ԵՐԿՐԻ ՋԱՀԵՐԸ

 

Քաղցած տերության ջահերը լուսավորում են,

ինչպես բաց աչքերը մեռյալների-

դամբարանների աղջամուղջի մեջ,-

ինքնաբերաբար մեր ձեռքերը գոցում են այն, ինչ

ընդգծում է խավարն իբրեւ վերջնական

պատգամախոսություն.-

Ամենուր տիրական է շունչը նախատիպերի-

եղյալ թե գալիք,

առաջին հույզը պատկերահանում է նոր

պատմություններ ու նոր համայնք-

կորած գաղութի կամ ճիշտ հայրենիքի տեսքով:-

Սիրահարները մոմից էլ արագ են հալվում

շքամուտքերին մութ ու ամա-

զգացողն է կնքում արձանագրությունները հանրաերթերի,-

դատարկ սրտերը նույնն են ինչ-որ

ձյուների մեջ նետված կանաչ նռնակները խորհրդառուսական:-

Պարպվող մարմինը փետրաթափ ճնճղուկների մեջ

ավելի անմահություն է հաշվում անխանդ:

Ցրտահարվում են քաղաքի հուշերը

առասպելական միայնության շուրջ:

Հետիոտները միակ ավետաբերներն են, որ

ահազերծում են սուր թարթումներն անկանգ ավտոների:

Ով իրավ ունի հաց ու գինի,

նրան պատվում են քաղցր մոռացությամբ:-

 

Ոչ ոք չի մոլորվում անիծյալ որպես-

խոշոր-գեղեցիկ են

քաղցած-ինքնասածի երկրի աչքերը:

 

 

 

 

 

 

 

 

____________________________________________

 

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Ծնվել է 1961թ., Արցախի Մարտունու շրջանում/Հայաստան/:

Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն:

1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ:

Բանաստեղծական 14 եւ լրագրագիտական 1 գրքի հեղինակ:

Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն,

պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, չինարեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն եւ լեհերեն:

Բազմաթիվ էսսեների եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Ծավալուն թարգմանություններ է կատարել համաշխարհային պոեզիայի տասնյակ հեղինակներից /Ի.Բրոդսկի, Վ.Խլեբնիկով, Ն.Գումիլյով, Վ.Խոդասեւիչ, Թ.Թրանսթրյոմեր, Դ.Պագիս եւ այլք/:

Հեղինակել է դրամատիկական մի շարք գործեր եւ պոեզիայի դեկորային ցուցահանդեսներ:

Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր/1996/: Արժանացել է նաեւ գրական այլ մրցանակների:

,,Գեղarm՚,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիրն է:

Մասնակցել է Ստրուգայի/Մակեդոնիա/, Պոզնանի եւ Վարշավայի/Լեհաստան/, Երեւանի/Հայաստան/, Ստեփանակերտի/Արցախ/, Ցինհայի/Չինաստան/ պոեզիայի միջազգային փառատոներին:

Բանասիրական գիտությունների թեկնածու Է:

Ապրում է Ստեփանակերտում/ԼՂՀ/:

 

Հ. Ալեքսանյանի հրատարակած գրքերը.

 

ՙԿենսադաշտ՚ – 1989, Երեւան

ՙԱմառն Ամարասում՚ – մանկական, 1990, Երեւան

ՙԽրախճանք՚ – 1991, Ստեփանակերտ

ՙՎարդի խռովություն՚ – 1994, Ստեփանակերտ

ՙԱնկման սիմետրիան՚ – 1996, Երեւան

ՙԽորանարդներ նորին գերազանցությանը՚ – 1997, Ստեփանակերտ

ՙԵզրային ասացումներ՚ – 1998, Թեհրան

ՙԼիալուսնի սարկոֆագ՚ –  2000, Բեյրութ

ՙՊայմանաասքեր  haM  ինտերգրքից՚ – 2003, Ստեփանակերտ

ՙԲանի բարիտոնը: Երկրի բարիտոնը՚ – 2007, Ստեփանակերտ

ՙՈրպես մի դարձող Բանազավր՚ – 2011, Ստեփանակերտ

ՙՉճանաչված երկրի լրատվությունը՚ – 2011, Ստեփանակերտ

,,…Շառաչը Մայրաշխարհի՚ – 2012, Ստեփանակերտ

ՙՉի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում՚ – /հայերեն-անգլերեն երկլեզվյա ժողովածու/ -2012, Ստեփանակերտ

,,Երկինք Նաիրի,,- 2013, Ստեփանակերտ

 

Articles similaires

Tags

Partager